ՀՀ նախագահը շնորհավորել է երևանցիներին Ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ

01.06.2009, 18:25
ՀՀ նախագահը շնորհավորել է երևանցիներին Ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է երևանցիներին Ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի շնորհավորական ուղերձ է հղել երևանցիներին մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ։

Երևանում մայիսի 31-ին ավարտվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

«Ավարտվեցին Երևանի ավագանու առաջին ընտրությունները: Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երևանցիներին»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։

Նախագահը շնորհավորել է նաևՀայաստանի հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և Հայ ազգային կոնգրեսին` ընտրություններում հաջողության հասնելու համար և բեղմնավոր աշխատանք մաղթել Երևանի ավագանու կազմում:

«Շնորհավորում եմ նաև մասնակից մյուս քաղաքական ուժերին որակյալ քարոզարշավ անցկացնելու և մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առողջ մոտեցումներ ու գաղափարներ առաջ քաշելու հնարավորությունն արդյունավետ օգտագործելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաեւ խախտումներ: Դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի կարող մեկ կամ մի  քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են: Դրանք պահանջում են ոչ միայն խախտումների բացառում, այլև հետևողականություն խախտումների բացահայտման ու վերացման հարցում: Հետևաբար բոլորիս պահանջն է, որ խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտվի,  իսկ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծվում է հաղորդագրությունում։   

Վերջում երկրի ղեկավարը կրկին շնորհավորեց երևանցիներին, մաղթեց բարօրություն, ամենայն բարիք ու հաջողություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745 մարդ կամ ընտրողների 52,85 տոկոսը։ --0--