Ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

01.06.2009, 18:20
Ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է քրեական գործ հարուցել մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

«Գլխավոր քարտուղարը հանձնարարել է քրեական գործ հարուցել և քննություն իրականացնել մամուլում նշված հանգամանքները պարզելու, ընտրախախտումներ թույլ տված անձանց բացահայտելու և նրանց պատասախանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով»,- նշեց Տրուզյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, գլխավոր դատախազը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկեց ձայների վերահաշվարկ անցկացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ութ ընտրատեղամասում և վերահաշվարկի արդյունքները ներկայացնել դատախազությանը։

«Նմանատիպ ուղերձի անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԶԼՄ-ների հրապարակումներում քվեաթերթիկների լցոնման դեպքեր էին նշվել կոնկրետ տեղամասերում»,- նշեց մամուլի քարտուղարը։

Երևանում մայիսի 31-ին ավարտվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

Արձանագրության համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745-ը կամ ընտրողների 52,85 տոկոսը։ --0—