ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ադրբեջանի ղեկավարի հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր

31.05.2009, 11:27
ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ադրբեջանի ղեկավարի հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Երևանում հանդիպել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Զրուցակիցներն քննարկել են մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսվող առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-