ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում /«Կարգո»/ կանխել են 100 հատ բանկային քարտերի ապօրինի ներմուծումը հանրապետություն:
«Քարտերը հայտնաբերվել են ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցի մաքսային զննման ժամանակ: Մաքսանենգ ճանապարհով ներկրված քարտերը հասցեագրված են եղել Երևանի բնակիչ, 20-ամյա Լուսինե Շահազիզյանին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա մաքսանենգ բանկային քարտերն առգրավվել են Լ. Շահազիզյանի կողմից ծանրոցը ստանալուց անմիջապես հետո:
Մաքսային ծառայությունների կողմից տարված ստուգման արդյունքում պարզվել է, որ «American Express», «Capital One», «CITIBANK», «CHASE» և ամերիկյան հեղինակավոր այլ բանկերին պատկանող քարտերը կեղծ են:
Առգրավված քարտերի մեջ առկա են եղել ինչպես Visa և Master, այնպես էլ Gold և Platinum տեսակի քարտեր: Գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱԱԾ` ըստ ենթակայության:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի` «Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու» մասին 203 հոդվածի հատկանիշներով, որի համաձայն` կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը պատժվում է ազատազրկմամբ: -0-