Հայաստանում Բենինի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

27.05.2009, 14:46
Հայաստանում Բենինի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանին չորեքշաբթի իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում:

Այի Վիսինտո դ’Ալմեիդան ծնվել է 1956թ.: Ավարտել է Սորբոնի Փարիզի 1 համալսարանի միջազգային կառավարման բաժինը, Փարիզի հանրային կառավարման միջազգային ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը: 1985 թվականից աշխատում է Բենինի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության համակարգում: 2004թ. հոկտեմբերին նշանակվել է Ռուսաստանում Բենինի դեսպան: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուների:-0-