Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է շարունակվի առանց վնասելու Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացին. ՌՀՄ ղեկավար

25.05.2009, 15:21
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է շարունակվի առանց վնասելու Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացին. ՌՀՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը չափազանց կարևոր է և պետք է շարունակվի, կարծում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը։

«Թուրքիայի հետ այսօրվա երկխոսությունը շատ կարևոր է և պետք է շարունակվի։ Սակայն մենք բացասաբար ենք նայում այն հանգամանքին, որ սահմանների բացման հարցը կապվում է Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման և ղարաբաղյան հակամարտության հետ», - հայտարարեց նա երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Խոսելով Հայոց ցեղասպանության հարցի մասին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է զսպի զգացմունքներն ու չշտապի։ Նրա խոսքերով, դեռ նախորդ տարի 21 հեղինակավոր միջազգային իրավաբաններ արտահայտվել էին, որ Հայաստանը պետք է դիմի միջազգային դատական ատյաններ։ Ինչպես տեղեկացրեց Աբրահամյանը, այն ժամանակ Հայաստանի կառավարությունը նման քայլը վաղաժամ համարեց։

«Մենք պետք է գիտականորեն մոտենանք Հայոց ցեղասպանության հարցին, զսպենք մեր զգացմունքները, դա թույլ կտա մեզ հեշտացնել այս հարցի լուծումը։ Անհրաժեշտ է նաև ունենալ երկու հստակ մշակված գործողությունների ծրագիր՝ Հայաստանի և սփյուռքի համար։ Այդ ծրագրերի առկայությունը չպետք է կախված լինի այն հանգամանքից՝ ճանաչու՞մ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, սակայն մենք պետք է ունենք գործողությունների սեփական ծրագիրը», - ասաց նա։

Աբրահամյանն այդ ծրագրերին հատուկ կարևորություն հաղորդեց՝ մի շարք հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների մշակման համար, մասնավորապես՝ հայոց ցեղասպանության ժամկետների և սփյուռքի՝ հստակ ձևակերպված պահանջների կապակցությամբ։

«Հայոց ցեղասպանության հարցը սուրբ հարց է, որը կապում է մեզ և աջակցում է հայապահպանմանը, այն անվտանգության հարց է, որը չպետք է առուծախի առարկա լինի։ Ոչ ոք իրավունքի չունի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը և օգտագործել այն որպես առուծախի կամ փոխզիջումների առարկա», - ընդգծեց ՀՀԿ-ի նախագահը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—