ՀՀ գիտության և կրթության նախարարը շրջանավարտներին շնորհավորեց դպրոցն ավարտելու կապակցությամբ

22.05.2009, 19:49
ՀՀ գիտության և կրթության նախարարը շրջանավարտներին շնորհավորեց դպրոցն ավարտելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը դպրոցների շրջանավարտներին շնորհավորեց «Վերջին զանգի» կապակցությամբ։

«Սիրելի շրջանավարտներ, նորհավորում եմ ձեզ` Վերջին դասի կապակցությամբ:
Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ  դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին»,- ասվում է նախարարի շնորհավորական ուղերձում:

«Վերջին զանգի» տոնը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 23-ին։ «Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով: Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաև մեր մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով»,- ասվում է կրթության նախարարի ուղրձում:

Ինչպես նշեց նախարարը, հայ ուսուցիչների հետևողական աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ կրկին մի նոր սերունդ կյանք է մտնում` իր հետ տանելով նրանց պատգամները:

Աշոտյանը վստահություն հայտնեց, որ 2009 թվականի շրջանավարտների շուրթերից հնչող երախտիքի խոսքերին այսօր մեծ պատրաստակամությամբ ու խոնարհումով միանում են բոլոր աշակերտները:

«Սիրելի շրջանավարտներ, շուկայական հարաբերությունների դարաշրջանում գիտելիքն է միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը: Կուտակեք այն ողջ կյանքի ընթացքում` հարթելով կյանքի ճանապարհը` որպես մասնագետ, քաղաքացի, մարդ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ` մաղթում եմ նորանոր  ձեռքբերումներ և հաջողություն բոլոր նախաձեռնություններում»,- ասել է նախարարը։ -0-