ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախրարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի աջակցությունը ՀՀ-ում իրականացվող գործընթացների, մասնավորապես, կրթական կարևորագույն խնդիրների լուծմանը միտված ծրագրերում: Նա հավաստիացրեց, որ համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և ապագայում այն կստանա որակական նոր դրսևորումներ:
Նախարարը նշեց, որ հանրապետությունում բարեփոխումները սկսվել են անկախացումից ի վեր, և ինչպես կրթության, այնպես էլ որևէ այլ ոլորտում դեռևս վերջնական արդյունքներ չունենք:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ բոլոր գործընթացները կրթական համակարգում միտված են լինելու եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովմանը:
Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի կրթական համակարգին ցուցաբերվող օգնությունն ունի երկու նպատակ` աջակցել Հայաստանին` մեղմացնելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, և երկրորդ` նպաստել, որ ՀՀ-ի կրթական համակարգը դառնա առավել մրցունակ և համակողմանի:
Անդրադառնալով «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրին, որի շրջանակներում մասնագիտական վերապատրաստում են անցել հանրապետության բազմաթիվ մանկավարժներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների 85 տոկոսն ապահովվել է համապատասխան ուսումնական լաբորատորիաներով, դպրոցների 45 տոկոսին տրամադրվել է ինտերնետային կապ, նա նշեց, որ գործողությունների այս երկրորդ փուլով նախատեսվում են ներդրումային այլ ծրագրեր, մասնավորապես, բարձրագույն կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտի նոր ֆինանսավորման շրջանակներին միտված միջոցառումներ:-0-