Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից տեղաշարժեր է ակնկալում Ղարաբաղյան հարցում

15.05.2009, 18:21
Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից տեղաշարժեր է ակնկալում Ղարաբաղյան հարցում

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը թույլ կտա լուրջ տեղաշարժեր գրանցել ղարաբաղյան կարգավորման մեջ, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը։

«Մենք համաձայն ենք, որ կողմերն ավելի շատ մտերմանան կարգավորման գործընթացում, և հուսով եմ, որ նրանք ավելի մեծ տեղաշարժերի կհասնեն հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ Կարծում եմ, որ հանդիպման արդյունքում լավ նորություններ կհրապարակվեն»,- ասաց Ֆոլը։

Նա նշեց, որ բանակցությունների գործընթացի մասնակիցները պետք է ջանքեր ձեռնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-