ԱՄՆ-ն պատրաստ է հետևողական աջակցություն ցուցաբերել Հայաստանին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այս մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակում։
«Իր նամակում նա վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետևողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին», - տեղեկացրեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին։
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ և արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսևորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին:
Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։
Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը: --0—