Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը երկարատև խաղաղություն կապահովի. Հայաստանի նախագահ

08.05.2009, 13:35
Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը երկարատև խաղաղություն կապահովի. Հայաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը երկարատև խաղաղություն կապահովի, նախօրեին Պրահայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի վարչապետի խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` ՀՀ նախագահը նշել է, որ հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը և բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել:   

«Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծմանը, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը»,- ընդգծել է նախագահը:

Ֆրանսիայի վարչապետն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆրանսուա Ֆիյոնը ողջունել և աջակցություն է հայտնել հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Միևնույն ժամանակ կողմերը նշել են, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես տնտեսության, այնպես էլ հումանիտար և այլ բնագավառներում:

Ընդ որում Սարգսյանը վստահություն է հայտնել, որ տնտեսության ոլորտում համագործակցության նոր նախաձեռնությունները, հեռահաղորդակցության բնագավառում ֆրանսիական «Օրանժ» ընկերության մուտքը նոր որակ կհաղորդեն հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա, ինչպես նաև դրա դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվող միտումներին:-0-