Հայաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում

08.05.2009, 11:32
Հայաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը նախօրեին երեկոյան Պրահայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում։

«Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա նախագահ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-