Հայաստանում տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները որոշակի առավելություններ են տալիս երկրին՝ մյուս երկրների համեմատ, տեղեկացրեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։
«Ճգնաժամի առանձնահատկությունը մեզ ռազմավարական խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը»,- ասաց նա չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Հերգնյանի խոսքերով, ի տարբերություն այլ երկրների, որտեղ ճգնաժամը սկսվեց ֆինանսական շուկայի ցնցումներից, Հայաստանում այն սկսվեց իրական հատվածից, ինչը պայմանավորված էր միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ անկումով 2008 թվականի օգոստոս-դեկտեմբերին։
«Քանի որ ճգնաժամը ավելացնում է տնտեսական սահմանափակումները, ավելի մեծ խթաններ են հայտնվում մրցունակության և արտադրողականության մեծացման համար, և ճգնաժամն ամենալավ ժամանակն է դրա համար»,- ասաց նա։
Այդ առումով փորձագետը պարզաբանեց, որ դա Հայաստանի կառավարությանը երկարաժամկետ և ռազամավարապես կարևոր ծրագրերի իրականացումը չհետաձգելու, այլ, ընդհակառակը, հենց այդ նախագծերի միջոցով տնտեսության արդի խնդիրները լուծելու հնարավորություն է ընձեռում։
«Ես կարծում եմ, որ ռազմավարական և ներդրումային խոշոր ծրագրերի իրագործումը, որը կնպաստի ներքին պահանջարկի ձևավորմանը, ինչպես նաև բարեփոխումների անցկացումը մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման համար, ներկայում ճգնաժամի տված լավագույն հնարավորություններն են»,- ասաց նա։
Հերգնյանը նշեց նաև, որ նա կիսում է որոշ տնտեսագետների այն մտահոգությւոնը, ովքեր կարծում են, որ ճգնաժամը կարող է ավարտվել ավելի վաղ, քան դրանից հնարավոր կլինի դրական դասեր քաղել։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է արդարացված Հայաստանի իշխանությունների լավատեսությունը ներկա իրավիճակում՝ փորձագետը նշեց, որ կառավարությունը պարտավոր է լավատես լինել ըստ բնորոշման։
«Եթե առաջնորդը լավատես և իրատես չլինի, մյուսները չեն կարող հետևել նրան»,- հավելեց Հերգնյանը։ -0-