ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դաշնակցության ներկայացուցիչներին ազատել է գործադիր իշխանությունում և տարածքային կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից։
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, ՀՀ վարչապետի որոշումներով Դավիթ Երիցյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը և Զոհրաբ Թորոսյանն ազատվել են, համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից:
ՀՅԴ-ն ապրիլի 27-ին հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել էր օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։ --0—