ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Freedom House կազմակերպության «Մամուլի ազատություն-2009» զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է ոչ ազատ մամուլի երկիր մնալ։
Freedom House-ի տվյալներով, Հայաստանը զբաղեցնում է 151-րդ տեղը նախորդ տարվա 144-րդի փոխարեն՝ կրկին հայտնվելով ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում։
Զեկույցի հեղինակների կարծիքով, Հայաստանում շարունակվում է հետընթացը, որը հիմնականում դրսևորվում էր ԶԼՄ-ների նկատմամբ իրավական ճնշման և վերահսկման փորձերով։
«Մարտին Հայաստանում մտցված արտակարգ դրության շարունակությունն եղավ այն, որ Հայաստանի կառավարությունը մի քանի շաբաթ շարունակ սկսեց վերահսկել բոլոր ԶԼՄ-ներին, ինչպես նաև ուղղորդել տեղական և արտասահմանյան լրագրողների գործունեությունը։ Իշխանությունները նաև մինչև 2010 թվականը մորատորիում հայտարարեցին նոր ԶԼՄ-ներին նոր արտոնագրերի համար»,- ասվում է զեկույցում։
Առաջին անգամ զեկույցի պատմության ընթացքում մամուլի ազատության միջին վարկանիշը կրճատվել է բոլոր աշխարհամասերում։ Իրավիճակը վատացել է ամբողջ աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որոնք համարվում են «ազատ»։ Կազմակերպությունը նշում է, որ Երկիր մոլորակի բնակչության միայն 17 տոկոսն է ապրում լիովին ազատ մամուլ ունեցող երկրներում։
Զեկույցում դիտարկվել է 195 երկիր, որոնցից 70-ը համարվում է ազատ մամուլի երկիր, 61 երկրում մամուլը համարվում է մասնակիորեն ազատ, իսկ 64-ում ՝ անազատ։
Ադրբեջանն ու Իրանը նույնպես համարվում են «ոչ ազատ» մամուլի երկրներ, իսկ Թուրքիան և Վրաստանը ստացել են «մասնակիորեն ազատ» գնահատականը։ Ռուսաստանը նույնպես համալրում է «ոչ ազատ» երկրների շարքը։ Կազմակերպության տվյալներով, ռուսական ԶԼՄ-ների բոլոր ոլորտները ազատ չեն, իսկ Ռուսաստանը լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է։
Զեկույցի հեղինակների կարծիքով, մամուլի առումով առավել ազատ երկրներից են Իսլանդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան, իսկ ցուցակը եզրափակում է Հյուսիսային Կորեան, որի վարկանիշը կազմում է 98 միավոր։ -0-