Հայաստանում պետք է ձևավորվի բնապահպանության կուլտուրա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հարկավոր է հատուկ ուշադրություն հատկացնել բնապահպանական կրթությանը և բնապահպանության կուլտուրայի ձևավորմանը, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հանրապետությունում պետք է ստեղծվի բնապահպանական կրթության համալիր համակարգ, որպեսզի դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում այդպիսի կուլտուրա մտցվի։ Երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա բնապահպանության գաղափարակիր»,- երկուշաբթի ասաց վարչապետը, բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արամ Հարությունյանին։
Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար է նշանակվել ապրիլի 18-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։
Կառավարության ղեկավարի խոսքով, առանց նման համակարգ ունենալու հանարվոր չէ հաջողության հասնել բնապահպանության հարցում, ինչպես նաև դժվար էկոլոգիական խնդիրների լուծման գործում։ Ինչպես նշեց Սարգսյանը, բնապահպանության ոլորտը կարևորագույններից մեկն է, հատկապես այն երկրների համար, որոնք գտնվում են աղքատության հաղթահարման փուլում։
«Կարծիք կա, որ նման երկրների համար բնության պաշտպանությունը առաջնային չէ, առավել կարևոր են տնտեսական աճն ու զարգացումը, էկոլոգիան ուշադրություն կարելի է դարձնել ավելի ուշ։ Բայց դա այդպես չէ, և Հայաստանի կառավարության գործողությունների ծրագրում բնապահպանության հարցը առաջնային խնդիրներից է»,- հաղորդեց կառավարության ղեկավարը։
Սարգսյանն ասաց, որ նորանշանակ նախարարը բնապահպանության նախարարությունը ղեկավարել է վերջին տասը ամիսների ընթացքում և արդեն ցույց է տվել իր արհեստավարժ և կազմակերպչական ունակությունները՝ արժանանալով երկրի վարչապետի և նախագահի վստահությանը։
«Բնապահպանության նախարարությունը մեծ ներուժ ունի և, առաջին հերթին, մտավոր։ Կարծում եմ, որ նախարարությունը կարող է իրականացնել իր առջև դրած խնդիրները, այն է՝ համաշխարհային լավագույն բնապահպանական սկզբունքների կիրառումը, էկոխախտումների պրոֆիլակտիկան, ինչը զգալիորեն կկրճատի բացասական հետևանքների վերացման ծախսերը»,- ասաց նա։
Իր հերթին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և նախագահին՝ իրեն ցուցաբերած վստահության համար, ավելացնելով, որ նախարարությունը հաջողությամբ է կատարում իր առջև դրված խնդիրները և կհաղթահարի նաև ապագայում հանձնարարված խնդիրները։--0—