Թուրքիան չի փակել իր օդային սահմանը Հայաստանի համար. ՔԱԳՎ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան Հայաստանի համար իր օդային տարածքը չի փակել։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հաղորդեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը։
Նրա խոսքերով, հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար, չի համապատասխանում իրականությանը։
«Այսօրվա դրությամբ Թուրքիայի օդային տարածքը բաց է երկու ուղղություններով էլ՝ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից, և, ընդհանուր առմամբ, օդային տարածքի փակման մասին խոսք անգամ լինել չի կարող»,-հավելեց Դավթյանը։
Նրա խոսքերով, բանն այն է, որ թուրքական օդագնացությունը ժամանակավորապես ի վիճակի չէ իրականացնել «Արմավիա» ավիաընկերության երկու՝ Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթերի տեխնիկական սպասարկումը, ինչի մասին նրանք նախապես պաշտոնապես տեղեկացրել են «Արմավիա» ավիաընկերությանը։
Նա նշեց, որ ավիաընկերության տվյալ երկու չվերթերը ժամանակավորապես չեն կարող սպասարկվել՝ տեխնիկական պատճառներով։
«Միաժամանակ բոլոր մյուս, մասնավորապես, Երևան-Ստամբուլ և Երևան-եվրոպական երկրներ չվերթերը, որոնք իրականացվում են Թուրքիայի օդային տարածքով, իրականացվում են նորմալ ռեժիմով»,-ասաց Դավթյանը
Նա նշեց, որ երկու չվերթերի փակումը չի նշանակում տվյալ ուղղությամբ կապի լիակատար բացակայություն։
«Երևան-Բեյրութ ուղղությամբ չվերթերն այսօր չեն իրականացվում, իսկ Երևան-Հալեպ չվերթն իրականացնում է Սիրիական ավիաուղիները, այդ թվում՝ այլ երկրների օդային տարածքների օգտագործմամբ»,-ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ այս փաստը չունի Հայաստանի նկատմամբ քաղաքական աստառ, քանի որ դրան զուգահեռ իրականացվում են Երևան-Ստամբուլ ուղղությամբ մշտական չվերթեր։
Թուրքական իշխանությունները նոյեմբերի 13-ին արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Այս կապակցությամբ «Արմավիայի» Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթերը հանվել են։
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ Ներկայումս նրա արժեթղթերի 100%-ը պատկանում է MIKA Armenia Trading ընկերությանը։--0--