Սոչիի հանդիպման ժամանակ Հայաստանի շահերից բխող որևէ կետ չկար. փորձագետները` Սոչիի հանդիպման ևսահմանային անկայունության մասին

30.11.2021, 20:27
Փորձագետները մեկնաբանել են Փաշինյան–Պուտին–Ալիև վերջին հանդիպումը և անդրադարձել սահմանային անկայունությանն ու անվտանգությանը
Սոչիի հանդիպման ժամանակ Հայաստանի շահերից բխող որևէ կետ չկար. փորձագետները` Սոչիի հանդիպման ևսահմանային անկայունության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հանդիպման ժամանակ հերթական հայտարարության մեջ ուղղակիորեն Հայաստանի շահերից բխող որևէ կետ չկար:

«Սահմանային անկայունություն և անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Շատ բաներ կան, որ մեզ համար պետք է առաջնահերթություն լինեին՝ Արցախի կարգավիճակ, առհասարակ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարթակի հիշատակում,սկզբունքների հիշատակում: Սրանցից և ոչ մեկը գրավոր առկա չէ»,-ասաց Մամիջանյանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Սոչիի հանդիպման նախօրեին սպասելիքներն ավելի շատ էին: Ակնկալվում էր, որ կստորագրվի ավելի լուրջ բովանդակություն ունեցող փաստաթուղթ, ինչը չարվեց:

 «Կարծում եմ՝ կողմերի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ գոյություն ունեն: Հայտարարության մեջ ուշագրավ պահերից մեկն այն է, որ հատուկ շեշտվել է ռուս խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում», – ասաց քաղաքագետը:

Загружается новость ... "Лево"

Քննարկման ընթացքում փորձագետներն անդրադարձան նաև առաջնագծերի կահավորմանը: Այս առիթով քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշեց, որ 25 տարվա ընթացքում Արցախի հարավային հատվածում առաջնագծի կահավորումը բավարար չի եղել: Ըստ մասնագետի՝ սա Հայաստանի և Արցախի ռազմական վերնախավի բացթողումն է: 

«Տարիներ շարունակ մեր ռազմական միտքը մտածում էր, որ Ադրբեջանի հիմնական հարվածը լինելու է Աղդամի ուղղությամբ, և հսկայական ռեսուրսներ ծախսվում էին Աղդամում ինժեներական աշխատանքների վրա, իսկ հարավային հատվածում բավական երկար ժամանակ ոչինչ չի արվել»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո այն հատվածներում, որտեղ ձևավորված է եղել առաջնագիծը, ադրբեջանցիները առաջխաղացում չեն ունեցել, ինչը չենք կարող ասել Սյունիքի ու Գեղարքունիքի մասին։ 

«Այսինքն այդ առաջնագիծը, չնայած որ թերի է, այնուամենայնիվ իր դերը կատարում է, և երբ պատերազմի ընթացքը ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ բավական էր առաջնագծի ինչ-որ հատված խոցվեր և վերջ, բայց մնացած հատվածներում առաջնագիծը պահպանվեց: Այսպիսով, չնայած, որ առաջնագիծը թերի էր, հիմնականում ծառայել է իր նպատակին»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ Սյունիքի խոսույթն ավելացնելով,ադրբեջանցիները փորձում են Հայաստանին շեղել ղարաբաղյան հակամարտությունից: Նրանք ցանկանում են Սյունիքը վիճելի տարածք դարձնել:

Հրանտ Միքայելյանն էլ իր հերթին առաջարկեց զգոնությունը չթուլացնել և նկատի ունենալ, որ Սյունիքում հակառակորդը կարող է անցնել լայնածավալ ռազմական գործողությունների:–0–