ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրացումը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար Վերին Լարսի անցակետում սահմանափակումների համատեքստում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մեզ համար սպառնալիքը Լարսն է, քանի որ որոշ փուլում կարող են ներդրվել սահմանափակումներ Ռուսաստանի կողմից։ Եվ դա, իհարկե, վտանգավոր կլինի` հաշվի առնելով ամերիկացիների կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը», – ասաց Սաֆրաստյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուշադիր հետևի իրավիճակին և պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման։
Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։
Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։
Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–