ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, համաձայն որի հուլիսի 8–ից ժամանակավոր արգելվում են ուղևորային ավիափոխադրումները Վրաստան։
Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«2019թ.–ի հուլիսի 8–ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավոր արգելվում է իրականացնել ՌԴ տարածքից քաղաքացիների օդային փոխադրումներ, այդ թվում` կոմերցիոն, դեպի Վրաստան», – նշվում է փաստաթղթում։
Բացի այդ, տուրօպերատորներին և տուրիստական գործակալներին խորհուրդ է տրվում «արգելքի ընթացքում...ձեռնպահ մնալ քաղաքացիական տուրիստական պրոդուկտի իրականացումից», որը նախատեսում է քաղաքացիների փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան։
Պուտինը հանձնարարել է նախարարների կաբինետին աջակցել Վրաստանում գտնվող ռուսներին վերադառնալ Ռուսաստան` հաշվի առնելով ավիահաղորդակցության դադարեցումը։
Նախօրեին երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ կազմակերպվել է բազմամարդ բողոքի ակցիա, որին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը։ Իրավապահները ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ։
Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։–0–