Բագրատ Սրբազանը հանդիպել է նախկին նախագահներին

12.09.2024, 11:09
Բագրատ Սրբազանին չի հաջողվել հանդիպել նախկին նախագահներից մեկի հետ՝ վերջինիս ներկայացրած հարգելի պատճառներով
Բագրատ Սրբազանը հանդիպել է նախկին նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սրբազան պայքարի 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

«Սրբազան պայքար» Telegram-յան ալիքը հայտնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:

Նշենք, որ «Սրբազան պայքարը» հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում հավաք է տեղի ունենալու, որը «միտված է հանրահավաքային տրամաբանությունից դուրս՝ ճանապարհ ցույց տալուն»։