Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը

17.01.2017, 15:50
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը (Արցախ այցելելու պատճառով), հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Բելառուսի տարածքում դեկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցի հիման վրա։ Կալանավորման պատճառն այն հանգամանքն է, որ Լապշինը 2011 թ.–ի ապրիլին և 2012 թ.–ի հոկտեմբերին այցելել է Արցախ, իսկ 2016 թ.–ի ապրիլի 6–ին և հունիսի 29–ին իր բլոգում կոչ է արել աջակցել ԼՂՀ–ի անկախությանը։ Բաքուն պահանջում է, որպեսզի Բելառուսը հանձնի Լապշինին։

Փաստաբանների պալատը դեկտեմբերի 2–ին ձևավորել է մասնագիտական աշխատանքային խումբ, որում ներառվել են Սիմոն Բաբայանը, Էմիլյա Ամիրխանյանը, Տարոն Սիմոնյանն ու Արայիկ Ղազարյանը։ Խումբն, ուսումնասիրելով հարցը, եկել է այն եզրահանգման, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջով Բաքվին Լապշինի հանձնումն անթույլատրելի է, քանի որ նման գործողությունները հակասում են այս ոլորտը կարգավորող միջազգային և ազգային իրավական ակտերին։

«Մենք դեմ ենք այս կամ այն տարածք կամ շրջան լրագրողի կամ պարզապես անհատի կողմից այցելության քրեականացմանը։ Երկրորդը, մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացուն երրորդ երկիր արտահանձնելուն», – նշել է Լավրովը 2016 թ.–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, ռուսական կողմը հյուպատոսական մակարդակով կապի մեջ է եղել Լապշինի հետ։ «Մենք, ի դեպ, գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, և իսրայելցի դիվանագետները ևս կապվել են նրա հետ», – նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կձեռնարկի բոլոր միջոցներն այս իրավիճակը շտկելու ուղղությամբ` հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները, որը միաժամանակ նաև Իսրայելի քաղաքացի է։

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ դաշնակցային պետության շրջանակում Ռուսաստանն ու Բելառուսն ընդունել են սկզբունքային որոշում հավասարացնելու երկու երկրների քաղաքացիների իրավունքները բոլոր ոլորտներում, և նմանատիպ ոլորտներից է միասնական վիզային և միգրացիոն տարածքի պարամետրերի համաձայնեցումը։

Նրա խոսքով, այս ամենը պահանջում է ցանկալի կամ անցանկալի անձանց միասնական ցանկերի, արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականության հստակեցում։ «Հիմա դա առավել քան ակտուալ է։ Առկա է նաև Բելառուսի և ԵՄ–ի միջև պայմանավորվածության թեման, որը վերաբերում է Բելառուսի տարածքում անօրինական միգրանտների ճամբարների ստեղծմանը։ Հաշվի առնելով այն, որ մենք Բելառուսի հետ չունենք ձևավորված ցամաքային սահման, դա, իհարկե, ստեղծում է հարցեր և չարաշահման հնարավորություններ։ Մենք այս թեմայով երկխոսություն ենք սկսում մեր բելառուսցի գործընկերների հետ», – նշել է Լավրովը։–0–