Թուրքիան պետք է դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու ագրեսիան․ Արցախի ԱԳ նախարարը՝ Պոմպեոյի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է նա:
ԱԳ նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ»:
«Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է նա:-0-