Տասնյակ խոցված տանկեր և դիրքային մարտեր. Արցախի նախագահն ամփոփել է Ադրբեջանի հետ պատերազմի 2-րդ օրը (ՎԻԴԵՈ)

28.09.2020, 23:55
Տասնյակ խոցված տանկեր և դիրքային մարտեր. Արցախի նախագահն ամփոփել է Ադրբեջանի հետ պատերազմի 2-րդ օրը. ՎԻԴԵՈ
Տասնյակ խոցված տանկեր և դիրքային մարտեր. Արցախի նախագահն ամփոփել է Ադրբեջանի հետ պատերազմի 2-րդ օրը (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ամփոփել է արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ընթացող մարտական գործողությունները:

«Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում: Լայնածավալ մարտական գործողություններն ընթանումն են Օմարից մինչև Արաքս:Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ և Թալիշ- Մատաղիս՝ Եղնիկներ հատվածը: Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ. որ երեկ հրապարակել են, իբրև Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները արդեն Օմարի ուղղությամբ. դիրքային մարտեր են»,- նշել է նախագահը:

Հարությունյանի խոսքով, հարավային ուղղությամբ 10-յակ տանկեր գալիս են, խփում ենք, նորրից գալիս են, ինձ թվում է պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարելու, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբրև գրավել են, բայց այդպիսի բան չի եղել, դրա համար այսօր ավելի քան 50 միայն տանկ և այլ զրահատեխնիկա օգտագրոծել են:

«Մեր ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ, բայց Ադրբեջանը բավականին երկար էր պատրաստվել այսօրվա պատերազմին: Կոնկրետ ես կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել մեր կապի բնագավառում. ամիսներով պատրաստվել են այսօրվան, որպեսզի նաև փորձեն վնասեն, վնասազերծեն մեր կապի ուղղությունները: Սուտասան խաբեբա Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել և իրենք անցել են հակահարձակման. դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք. գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,- նշել է Արցախի նախագահը:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–