«Սրա շուրջ են բանակցությունները». ՀՀ ԱԳ նախարարն ասել է, թե որ հարցերի շուրջ են տարվում ղարաբաղյան բանակցությունները

28.01.2019, 13:28
Հայաստանը որևէ կերպ չի շեղվել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումներից:
«Սրա շուրջ են բանակցությունները». ՀՀ ԱԳ նախարարն ասել է, թե որ հարցերի շուրջ են տարվում ղարաբաղյան բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը որևէ կերպ չի շեղվել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումներից, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է aysor.am-ը:

Նրա խոսքով, իր համար տարօրինակ է, որ խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակների մոտ առաջացնում է պարտվողական տրամադրություն:

«Մենք որևէ կերպ չենք շեղվել այն բաներից, որ ասել ենք: Վստահ եմ, որ բազմիցս լսել եք ու որևէ շեղում մեր դիրքորոշման մեջ չի եղել, երբ մենք ընդգծել ենք, այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ամենակարևորն ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ են բանակցությունները: Կան մեր գերակայությունները, ու չկա որևէ բան, որ դուք չիմանաք», - ասել է նա:

Անդրադառնալով բանակցություններում Արցախի ներգրավման հարցին` Մնացականյանը նշել է, որ դա հետևողական աշխատանք է:

«Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է», - ասել է նա: -0-