ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որպեսզի հնարավորինս շուտ դադարեցվի Արցախում խաղաղ բնակիչների մահը: Այդ մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Խոսելով Թուրքիայի դերի մասին` Եվսեևը նշել է, որ Ադրբեջանը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, «այժմ այնքան էլ չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Загружается новость ... "Лево"
«Ռուսաստանը չի կարող թույլ տալ Հայոց ցեղասպանության կրկնություն, հետևաբար, եթե հակամարտությունը շարունակվի, նա կարող է ձեռնարկել մի շարք ռազմական միջոցառումներ: Ես նկատի ունեմ, որ մենք խոսում ենք առաջին հերթին խաղաղություն պարտադրելու մասին», - ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է մի շարք քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման համար: Նախ՝ Ռուսաստանը կարող է Գյումրու իր ռազմաբազայի մի մասը տեղակայել Հայաստանի արևելքից դեպի արևմուտք, որպեսզի ապահովի արևմտյան մասի հակաօդային պաշտպանությունը, որը ենթարկվում է հարձակման անօդաչու թռչող սարքերի և, հնարավոր է, դիվերսիոն խմբերի կողմից:
Երկրորդը, նշել է Եվսեևը, Ռուսաստանը կարող է թռիչքների արգելման գոտի հաստատել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, ներառյալ անվտանգության գոտին, այն դեպքում, երբ ռազմական գործողությունները ձգձգվեն և ապակայունացման իրական վտանգ ստեղծեն ամբողջ Հարավային Կովկասում:
Երրորդ, քանի որ արմատական իսլամիստները ակտիվորեն մասնակցում են հակամարտության գոտում, ապա, ըստ Եվսեևի, Ռուսաստանը կարող է բարձրացնել իսլամիստների դեմ բարձր ճշգրտության զենքով հարվածելու հարցը: «Հետխորհրդային տարածքում նրանց ներկայությունն անընդունելի է Ռուսաստանի Դաշնության համար», - ընդգծել է փորձագետը:-0-