ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

13.07.2020, 12:19
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ՊՆ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի մասին:

«Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել»,- նշվում է ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ   հակառակորդի ցանկացած սադրանքի:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան:-0-