Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ընկել Շուշին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշին այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ ետ գրավելու և ետ ազատագրելու փորձեր են եղել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և ըստ էության Շուշին շարունակել է մնալ ընկած»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված։
«Ինձ այդ օրերին լուր են տվել, որ 50 հոգանոց հայկական խումբ կա քաղաքում: Բնականաբար, այդ իրավիճակում ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում։ Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտվում է Ստեփանակերտում։ Նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին»,- հայտնել է վարչապետը:
Նա նաև ի գիտություն հանրությանը նշել է, որ «Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»:-0-