Կորոնավիրուսով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն աճում է, բայց համալիրը չի օգտագործվի. նախարարը մեկնաբանել է

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին մոտ 1100 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր և ծանր վիճակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, 73 պացիենտին միացված է արհեստական շնչառության ապարատ։
«Տվյալ պահին սարքավորւոմների դեֆիցիտ չունենք, ձեռքբերումներ արել ենք և պրոցեսը շարունակվում է: Մեր խնդիրը ոչ թե սարքերի դեֆիցիտն է, այլ՝ թթվածինը, որը համաշխարհային դեֆիցիտ ունի»,- նշեց նախարարը։
Նա ընդգծել է, որ թթվածինը արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել։ Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են սահմանի վրա։ Նախարարությունը տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի։
«Փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամռանն արդեն ձեռք էինք բերել, բայց քանի որ իրավիճակն այնպես եղավ, որ անկախատեսելի մեծ թիվ գրանցվեց, մենք, իհարկե աճ սպասում էինք, բայց ոչ քառակի, հնգակի»,- նշել է Թորոսյանը:
Հարցին նոր ռեսուրսների օգտագործման մասին, ինչպես սպորտային համալիրի շենքը, նախարարը նշել է, որ ավելի կարևոր է ինֆրաստրուկտուրան, քան սայլակները: