Արցախում իրավիճակն ապագայում լայնածավալ պատերազմի չի վերաճի. քաղաքագետ

02.04.2015, 20:36
Արցախում իրավիճակը տեսանելի ապագայում լայնածավալ պատերազմի չի վերաճի, հինգշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների ղեկավար Սերգեյ Մինասյանը Երևանում անցկացված կլոր սեղանի ժամանակ։
Արցախում իրավիճակն ապագայում լայնածավալ պատերազմի չի վերաճի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախում իրավիճակը տեսանելի ապագայում լայնածավալ պատերազմի չի վերաճի, հինգշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների ղեկավար Սերգեյ Մինասյանը Երևանում անցկացված կլոր սեղանի ժամանակ։

«Մեզ մոտ մի իրավիճակ է, որը տեսանելի ապագայում լայնածավալ ռազմական գործողությունների չի վերաճի։ Պատճառն այն է, որ պահպանվում է ռազմատեխնիկական հավասարակշռությունը, խոսքը ոչ միայն տանկերի քանակի, այլ նաև ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքի, արտաքին գործոնների, մասնավորապես, ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամակցության և Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին է»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա, մյուս կողմից, Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Արևմուտքի և ՆԱՏՕ–ի հետ։

«Ավելացնեմ, որ եթե հաշվի չառնենք Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները զինվորական կամ անվտանգության ոլորտում, ապա կարող է թվալ, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի և առանձին անդամ–պետությունների հետ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ ունի, լինի դա ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Գերմանիան կամ Հունաստանը»,– նշեց Մինասյանը։

Քաղաքագետի խոսքով, խաղաղապահ առաքելություններում Հայաստանը շատ ավելի լավ է ներկայացված, քան Ադրբեջանը։

«Ռազմաքաղաքական դրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ. գարնանային սրացում» կլոր սեղանն անցկացվել է ապրիլի 2–ին Երևանում Կովկասի ինստիտուտում։ Միջոցառման ընթացքում քննարկվել են միջադեպերի դինամիկան Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով, դրության հնարավոր էսկալացիան և լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը, տարածաշրջանի ռազմականացման գործընթացները։

Միջոցառմանը մասնակցել են փորձագետներ, լրագրողներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-