Քարինտակի հերոսական պաշտպանությունը շրջադարձային էր ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ. իրադարձությունների մասնակից

27.01.2012, 19:16
Քարինտակի հերոսական պաշտպանությունը շրջադարձային էր ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ. իրադարձությունների մասնակից
Քարինտակի հերոսական պաշտպանությունը շրջադարձային էր ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ. իրադարձությունների մասնակից

Ղարաբաղի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի հերոսական պաշտպանությունը, որը նշվում է այս օրերին, շրջադարձային փուլ է դարձել ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Արցախի ՊԲ փոխգնդապետ, գյուղի ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Շահեն Այդինյանը:

«Քարինտակի պաշտպանությունը մեզ դժվարությամբ է տրվել, ուժերը հավասար չէին տեղաբաշխված, բայց այդ պայքարը շրջադարձային եղավ պատմության մեջ, և հատկապես Քարինտակի հաղթանակով է սկսվել հայկական տարածքների ազատագրումը»,- ասաց Այդինյանը:

Ըստ նրա, ադրբեջանցիներին թվում էր, որ նրանց կհաջողվի մի քանի ժամում գրավել գյուղը: «Նրանք մեր դեմ ուղարկեցին երկու գումարտակ (1800 մարդ), իսկ մենք ընդամենը շուրջ 60 չպատրաստված կամավորականներ ունեինք, որոնցից միայն 40-ն էին զինված ավտոմատներով: Նրանք գյուղի սովորական բնակիչներ էին»,- նշեց Այդինյանը:

Նա նշեց, որ Քարինտակի բնակիչներից ոչ մեկ չլքեց գյուղը:
Քարինտակի պաշտպանության մասնակից Արծվիկ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ Քարինտակի պաշտպանության կռիվների ժամանակ ադրբեջանցիները 201 մարդ կորցրեցին: Մեր զոհերի թիվը հասավ 22-ի:
«Ողջ ճակատամարտի ընթացքում մեզ ուժ էր հաղորդում այն, որ մեր հետևում մեր ընտանիքներն ու երեխաներն էին»,- ասաց Բաղդասարյանը:

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ ադրբեջանցիները հրաժարվում էին իրենց զոհված զինվորների դիակները վերցնել, և հետագայում նրանց անհայտ կորած էին հայտարարում:

«Քարինտակի օրինակը շատ հստակ ցույց է տալիս, թե որտեղից են նրանց մոտ այդքան անհայտ կորածներ հայտնվում»,- նշեց Ալավեդրյանը:

Ըստ նրա, հայերը ստիպված էին իրենք թաղել հակառակորդի զինվորներին:
1992թ.-ի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ՕՄՕՆ-ի երկու ադրբեջանական ստորաբաժանումներ շրջապատեցին Քարինտակը՝ տեղի բնակիչներին ոչնչացնելու և նրանց ունեցվածքը թալանելու նպատակով:

Օպերացիան նաև տակտիկական նպատակ էր հետապնդում՝ ճանապարհ բացել դեպի հանրապետության հարավային հատված: Հակառակորդը հույս ուներ կայծակնային գործողությունների միջոցով հասնել նպատակին: Սակայն ընդամենը մի քանի ավտոմատներ, ինքնաշեն հրացաններ ու նռնակներ ունենալով՝ քարինտակցիները հետևողականորեն և անձնուրաց կերպով կարողացան կանխել հակառակորդի գործողությունները:
Քարինտակի բնակիչներին օգնության հասան մոտակա Շոշ, Սիզնեկ, Սղնախ, Կարմիր գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները:
Այդ ճակատամարտում արդբեջանցիները հսկայական կորուստներ տարան:-0-