Արցախի նախագահը մասնակցել է Քարինտակի հերոսական պաշտպանության 20-ամյակին նվիրված միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան և մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ԼՂՀ նախագահը նշել է, որ Քարինտակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում արցախյան ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին և հիմնարար հաղթանակներից մեկը:
«Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել և պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին»,- ասել է նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, և «մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը»:
Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
1992 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ՕՄՕՆ-ի ադրբեջանական երկու ստորաբաժանումներ շրջապատել էին Քարինտակ գյուղը՝ տեղի բնակիչներին ոչնչացնելու և նրանց գույքը թալանելու նպատակով:
Օպերացիան ուներ նաև մարտավարական նպատակ՝ ճանապարհ բացել դեպի հանրապետության հարավային մասը: Հակառակորդը հույս ուներ կայծակնային օպերացիայի միջոցով տիրել գյուղին: Սակայն, ունենալով ընդամենը մի քանի ինքնաձիգ, ինքնաշեն հրացան և նռնակ, քարինտակցիները, գործելով համաձայնեցված և անձնազոհաբար, կարողացել են հաղթել ուժով մի քանի անգամ նրանց գերազանցող հակառակորդին:
Քարինտակի բնակիչներին օգնության են եկել մոտակա Շոշ, Սըզնեկ, Սղնախ, Կարմիր գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները:
Այդ մարտում ադրբեջանցիները կորցրել են ավելի քան հարյուր մարդ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 մարդ Քարինտակից: -0-