Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ինքնաթիռ կնվիրի Ստեփանակերտի նոր օդանավակայանին

29.12.2011, 10:51
Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ինքնաթիռ կնվիրի Ստեփանակերտի նոր օդանավակայանին
Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ինքնաթիռ կնվիրի Ստեփանակերտի նոր օդանավակայանին

Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը Ստեփանակերտի նոր օդանավակայանին ինքնաթիռ կնվիրի, նախօրեին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսից հետո հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի շրջանակներում Արգենտինա է այցելել և Էռնեկյանի կողմից Արցախին ինքնաթիռ նվիրելու համապատասխան խոստում է տրվել: Օդանավն արդեն ընտրված է:

«Մոսկվայում կայացած «Հայաստան» հիմնադրամի բարեգործական ընթրիքի ժամանակ Էռնեկյանի կողմից խոստացված 11 մլն դոլարը մտնում են ինքնաթիռի ձեռքբերման ծախսերի մեջ: Նա ոչ միայն ինքնաթիռ կնվիրի, այլ նաև կկազմակերպի օդաչուների պատրաստման համապատասխան դասընթացները»,- նշել է Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է նաև, որ Ստեփանակերտի օդանավակայանը համապատասխան սարքավորումներով համալրելու աշխատանքներն արդեն ավարտված են:

«Ղարաբաղի պետբյուջեի միջոցներով հաջողվել է օդանավակայան կառուցել, լիովին վերակառուցել թռիչքուղին և ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումը»,- ասել է Հարությունյանը:
Ղարաբաղի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ամենայն հավանականությամբ 2012թ.-ի մարտ-ապրիլ ամսին արդեն չվերթեր կիրականացվեն:

Ստեփանակերտի նոր օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը CRJ-200 տեսակի երեք 50-տեղանոց ինքնաթիռների միջոցով:
Սկզբում չվերթերն իրականացվելու են օրումեջ, իսկ ապագայում պահանջարկին զուգահեռ կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրականցվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, սակայն օդանավակայանը կառուցվում է նաև այլ ուղղություններով թռիչքներ կատարելու հեռանկարով:-0-