Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու անցկացված հնագիտական պեղումների ընթացքում միջնադարյան քաղաք է հայտնաբերվել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
«Մի շարք հնագետների կարծիքով` հայտնաբերած քաղաքը հին ժամանակներից հայտնի է որպես Քարքար ամրոց քաղաք: Նախնական պեղումները սկսվել են ընթացիկ տարվա աշնանը, որոնց ընթացքում շատ հետաքրքիր կերտվածքներ են հայտնաբերվել, և այդ աշխատանքներն ամենայն հավանականությամբ շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում»,- նշեց Շահվերդյանը:
ԼՂՀ զբոսաշրջության վարչության ղեկավարն ընդգծեց, որ կարևոր է ոչ միայն հերթական պատմական քաղաքի հայտնաբերումը, այլ նաև այն, որ այդ քաղաքը կարելի է համարել Ստեփանակերտի նախակարապետ քաղաքը:
Նա տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարում շարունակվել են Ղարաբաղի տարածքում գտնվող հուշարձանների ուսումնասիրման, հաշտվառման և վկայագրման աշխատանքները, քանի որ տարիներ շարունակ այդ հուշարձանները հաշվառում չեն անցել:
«2011թ.-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում, Արցախի Տիգրանակերտում հնագիտական պեղումներ են անցկացվել (միջազգային հնագիտական արշավախմբի կողմից), որտեղ հաջողվել է ավարտին հասցնել վաղ միջնադարյան բազիլիկի՝ Տողի մելիքների պալատի պեղումների աշխատանքները»,- ասաց Շախվերդյանը:
Նա հայտնեց նաև, որ 2011թ.-ին ղարաբաղցի մասնագետների կողմից պատրաստվել և հրատարակվել է «Արցախի վանքերը» գիրքը:
«Հրատարակման է պատրաստվում նաև Արցախի հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական աշխատանքը, որը բաղկացած է Ղարաբաղի տարածքում վերջին հինգ տարիների ընթացքում անցկացրած պեղումների մասին նյութերից»,-նշեց Շահվերդյանը: -0-