Արցախի Հանրապետության նախագահը ԱՄՆ-ի հայ վետերանների հետ Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության մի խումբ անդամների միջև նախօրեին Լոս Անջելեսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ըստ տեղեկատվության՝ հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարևորել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:-0-