ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության տան դահլիճում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո, հաղորդում է «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:
Միջոցառման ընթացքում Ռուսական երաժշտական հիմնադրամի մենակատարուհի, համառուսական մրցույթների դափնեկիր Վերա Բելովայի (սոպրանո) կատարմամբ հնչել են Խարլամովի, Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի Կորսակովի, Շիշկինի, Ալյաբևի հայտնի ռոմանսները, Գումիլյովի բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործություններ, ինչպես նաև ոչ հայտնի հեղինակների երգեր:
«Երևանում և Ստեփանակերտում մենահամերգ անցկացնելու գաղափարն ինձ մոտ անմիջապես չառաջացավ: Մեր ընտանիքի ընկեր Միխայիլ Առուշանովը՝ հայազգի մեծ հայրենասերը, Հայրենիքի հանդեպ ունեցած իր սիրով վարակեց ինձ: Այդ զարմանալի երկիրը տեսնելու և միաժամանակ այստեղ համերգ ունենալու որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո»,- նշել է Բելովան:
Համերգին ներկա ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին այդ նախաձեռնությունը երկրի հանդեպ ունեցած հարգանք է անվանել՝ ավելացնելով, որ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել կազմակերպչական հարցերում:
Վերա Բելովան (սոպրանո) Համառուսական մրցույթների դափնեկիր է, Ռուսական երաժշտական հիմնադրամի մենակատար: -0-