Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ ամուր կապերի հաստատմամբ, նախօրեին Շվեյցարիայի խորհրդարանում այդ երկրի կարևորագույն կուսակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Այս համատեքստում նա կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը»,- հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի փորձը գյուղատնտեսության և կրթության ոլորտներում: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Շվեյցարիայի հետ համագործակցության նշանակությունը ժողովրդավարության` հատկապես տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման գործում:
Երկուստեք կարևորվել է երկկողմ կապերի խորացումը և այս ուղղությամբ փոծգործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, Հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-