Ստեփանակերտն ապատեղեկատվություն է համարում «Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների» ներկայացուցիչների կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների» ներկայացուցիչների կայանալիք հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն ապատեղեկատվություն է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարսել Պետրոսյանը:
Հինգշաբթի ադրբեջանական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հանդիպումն իբր նախատեսված է նոյեմբերի 28-ին Բեռլինում:
«Այս տեղեկատվությունը հիվանդ երևակայության արդյունք է: Եթե խոսքը բանակցությունների մասին է, ապա դրանք կարող են տեղի ունենալ միայն օրինական ընտրված ԼՂՀ իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների միջև: Որևէ այլ բանակցություն չի կարող տեղի ունենալ», - ասել է Պետրոսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-