Ղարաբաղի նախագահը Քյոլնի հայ համայնքին ներկայացրել է ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությունը
Նախօրեին Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությունը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Գերմանահայությունն ունի մեծ ներուժ, ինչը ստեղծում է համագործակցության խոստումնալից հեռանկարներ»,- հայտնել է Սահակյանը: Այս տեսանկյունից նախագահը հատկապես ընդգծել է Քյոլնի հայկական համայնքի նշանակությունը, որը հանդիսանում է Գերմանիայի ամենամեծ ու կազմակերպված գաղութներից մեկը, և որի շուրջ էլ համախմբվում է գերմանահայ համայնքը:
Այցի շրջանակներում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի հայկական կազմակերպությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարան, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանի հետ, որից հետո հանդիպել Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: -0-