Ղարաբաղում կնշվի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

31.10.2011, 13:22
Ղարաբաղում կնշվի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը
Ղարաբաղում կնշվի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

2011 թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը հայտնի նորվեգացի միսիոներ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն ԼՂՀ-ում, հաղորդում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կներկայացվի Նորվեգիայում «Ֆրիտյոֆ Նանսեն» հումանիտար հիմնադրամի և Հայաստանում համանուն հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև կցուցադրվի Նորվեգիայի Բերգեն քաղաքում Նանսենին նվիրված խաչքարի բացման մասին պատմող տեսանյութ:

Նույն օրը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության տանը կկազմակերպվի ցուցահանդես, ինչպես նաև տեղի կունենա Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը:

Նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա «Աշխարհի խիղճը» ֆիլմի շնորհանդեսը, որը նկարահանվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հայկական հիմնադրամի կողմից, իսկ երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության տանը տեղի կունենա դաշնամուրային երաժշտության համերգ:

Նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի կունենա դաշնամուրի վարպետության դասընթաց, իսկ Շուշիի Դանիել Գազարյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ:

Նոյեմբերի 3-ի երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության տանը տեղի կունենա գալա-համերգ՝ Արցախի պետական կամերային նվագախմբի և Արցախի պետական երգչախմբի մասնակցությամբ:

Հոբելյանական միջոցառումների կազմակերպիչը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, Նորվեգիայի ««Ֆրիտյոֆ Նանսեն» հումանիտար հիմնադրամը և Հայաստանի համանուն հիմնադրամը:

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր:-0-