Ստեփանակերտը պատրաստ է ճնշել հակառակորդի ագրեսիվ գործողությունները և անհրաժեշտության դեպքում հակահարված տալ. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է շփման գծում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների աշխուժացման և ղարաբաղյան կողմի` արժանի պատասխան տալու պատրաստվածության մասին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Մասնավորապե, միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ:
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին”,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժնում կարծում են, որ նման քայլերով Բաքուն նպատակ է հետապնդում որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:
«Հասկանալով հակառակորդի մտադրությունը, ՊԲ հրամանատարությունը վստահեցնում է, որ ղարաբաղյան ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հասցնել արժանի հակահարված»,- նշվում է հայտարարությունում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-