Ղարաբաղի ընտրությունները տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ. հայ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունները տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը, ով նախորդ կիրակի որպես դիտորդ ներկա էր եղել ԼՂՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին:
«Ղարաբաղի ընտրությունները տարբերվում են այլ երկրներում անցկացվող ընտրություններից, նախևառաջ, իրենց կազմակերպվածությամբ, ինչպես նաև ընտրացուցակների ճիշտ կազմումով: Ղարաբաղցիներն ընտրություններում քվեարկում են հպարտության զգացումով և հաղթած երկրի բնակիչներին հատուկ ոգով»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ընտրություններն անցել են թափանցիկ և արդար, առանց որևէ խախտման:
ԼՂՀ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 58.71 տոկոսը կամ 54658 մարդ: Ընտրություններն անցկացվել են գրանցված 227 համայնքներից 209-ում, սակայն համայնքների ղեկավարներ են ընտրվել ոչ ամենուրեք, ինչի կապակցությամբ վեց համայնքներում կրկնակի ընտրություններ կհայտարարվեն:
Քվեարկության ընթացքում ընտրվել է նաև Ստեփանակերտի նոր քաղաքապետը: Նախնական տվյալներով, այդ պաշտոնը կզբաղեցնի ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը:
Գրիգորյանը հավաքել է 9581 ձայն կամ 62,57%: Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 3731 ընտրող կամ 24.36 տոկոսը, իսկ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Մարատ Ասատրյանի օգտին` 2001 ընտրող կամ քվեարկածների թվի 13.07 տոկոսը: -0