Ղարաբաղում ավարտվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումն ավարտվել է Շուշիում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Միջոցառման փակման արարողության ընթացքում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1988թ.-ից հետո «Ղարաբաղ» բառը միջազգային հանրության մոտ նույնացվել է հակամարտության և ԼՂՀ-ում սկսած պատերազմի հետ:
«Այսօր ճիշտ ժամանակն է, որ Արցախն իրեն նոր կողմից դրսևորի՝ համաշխարհային մշակույթում և արվեստում: Դա հատուկ է մեր երկրամասին և ստեղծագործ ժողովրդին»,- նշել է Ղուլյանը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին ընդգծել է միջոցառումների կարևորությունը, մասնավորապես՝ իտալացի քանդակագործների մասնակցությունը սիմպոզիումին՝ նշելով, որ նրանք իրենց ներդրումն են կատարում Շուշիի վերածննդի գործում:
Ըստ Աղաբալյանի, նման սիմպոզիումներ անցկացվելու են նաև ապագայում:
Գաղափարի հեղինակ և սիմպոզիումի կազմակերպիչ, հայկական ծագումով իտալացի քանդակագործ Վիգեն Ավետիսը հայտնել է, որ միջոցառման նպատակն իրականացվել է և ցուցադրվել է, թե ինչ կարելի է անել կարճ ժամկետում փոքր հնարավորություններով:
Սիմպոզիումի բոլոր մասնակիցները ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից նվերներ և պատվոգրեր են ստացել:
«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության սիմպոզիումին, որն անց էր կացվում հուլիսի 18-29-ը Շուշիում, մասնակցել են Իտալիայի տարբեր գեղարվեստական ակադեմիաների շուրջ քսան գիտնականներ, քանդակագործներ և նկարիչներ, ինչպես նաև՝ չորս քանդակագործ Ղարաբաղից:
Սիմպոզիումը համագործակցության, մշակութային և մասնագիտական երկխոսության,ինչպես նաև քանդակագործների ստեղծագործական ոգեշնչման համար հարթակ դառնալու նպատակ էր հետապնդում: Միջոցառումն ուղղված էր արվեստի միջոցով Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը, որպես արվեստի կենտրոն Շուշիի նախկին փառքի վերածնմանը, հետպատերազմյան Շուշիի զարգացմանը և ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքի խթանմանը:-0-