Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մինչ օրս փակուղու մեջ է. ԼՂՀ ԱԳՆ

22.06.2011, 12:53
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մինչ օրս փակուղու մեջ է. ԼՂՀ ԱԳՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մինչ օրս փակուղու մեջ է. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում 1994 թ.-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել, այն գտվում է փակուղային իրավիճակում, ԼՂՀ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացի փակուղին մեծ մասամբ կապված է բանակցությունների իրական ձևաչափի խախտման հետ:

«Ներկա բանակցությունների ձևաչափը չի արտացոլում ղարաբաղյան հակամարտության իրական պատկերը, որտեղ հիմնական կողմերն են ԼՂՀ-ն և Ադրբեջանը», - նշել է Զարգարյանը:

ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ դրական կամ բացասական տեղաշարժ չի ակնկալում:

«Կողմերից ոչ մեկը ներկա իրավիճակի սրում չի ցանկանում, կա անկանխատեսելիության հանգամանք, իսկ պաշտոնական Բաքվի անփոփոխ դիրքորոշումը, որը հասկանալի է միայն իրեն, լավատեսության համար որևէ հույս չի թողնում: Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, եթե այն ընդհանրապես կարելի է որակել որպես բանակցային լուրջ դիրքորոշում, հենվում է Ղարաբաղի նկատմամբ անհիմն տարածքային հավակնությունների առաջադրման վրա», - ասել է Զարգարյանը:

Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը, պահանջելով այսպես կոչված «յոթ շրջանները», պարզապես փորձում է հիմք ստեղծել ողջ ԼՂՀ-ն գրավելու համար:

«Ադրբեջանի տարածքային հավակնությունները ղարաբաղյան կողմի համար անընդունելի են, անտեղի և չեն նպաստում բանակցային գործընթացին», - ընդգծեց Զարգարյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը լիազորված չէ Ղարաբաղի անկախության հետ կապված որևէ հարց լուծել, և ցանկացած ինքնորոշված ժողովրդի կարգավիճակի լուծումը բացառապես այդ ժողովրդի իրավունքն է:

«Այսօրվա դրությամբ ԼՂՀ հռչակման և կայացման գործընթացը լիովին տեղավորվում է միջազգային իրավունքի շրջանակներում, և անցած 20 տարվա ընացքում այդ համոզմունքն ընդամենը ամրապնդվել է»,- նշեց Զարգարյանը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը նաև հայտարարեց, որ այս 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրեն դրսևորել է որպես պատասխանատու երկիր, որը որևէ մեկին պատերազմով չի սպառնում, իր հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի և պահանջում է ադրբեջանական զորքի դուրսբերում ԼՂՀ օկուպացված տարածքներից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-