ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

29.03.2011, 16:41
ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ու իրականացվելիք միջոցառումների և 2011թ. փետրվարի 14-18-ը Արցախի Հանրապետության զինված ուժերի և ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, պարենային անվտանգության ապահովման շուրջ զեկույցով հանդես է եկել վարչապետ Արա Հարությունյանը: Ելույթներ են ունեցել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

Հաշվի առնելով պարենային անվտանգության ռազմավարական կարևոր նշանակությունը երկրի համար՝ Բակո Սահակյանը նշել է, որ չնայած այդ ուղղությամբ տարվում է բավականին աշխատանք, սակայն դեռևս կան էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ և համալիր լուծում:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր և պարբերաբար զեկուցել նրա իրականացման ընթացքի մասին:

Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև ելույթներ են ունեցել ուժային կառույցների ղեկավարները:

Երկրի ղեկավարը կառավարությանը և զորավարժությունների անցկացման գործում ներգրավված համապատասխան մարմիններին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ և պարբերաբար զեկուցել տարվող աշխատանքների մասին: -0-