Ղարաբաղի ստատուս-քվոն 2011 թվականին կպահպանվի. ռուս փորձագետ

Ղարաբաղյան հակամարտության գոտում 2011 թվականին ստատուս-քվոն կպահպանվի, կարծում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը։
«Ադրբեջանի կողմից դրսևորված ցանկացած ագրեսիան ողջ աշխարհը կընկալի որպես ագրեսիա, իսկ Ադրբեջանն այդքան էլ չի ցանկանում ագրեսոր երևալ, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած ագրեսոր վատ է ընկալվում մյուս պետությունների կողմից, նրան դատապարտում են»,- ասաց Զախարովը ՌԻԱ Նովոստիի կողմից «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։
Նա միաժամանակ նշեց, որ ադրբեջանական կողմը կշարունակի «ցնցել օդը», հանդես գալ ռազմատենչ սպառնալիքներով, խոստումներով, եթե ոչ այսօր, ապա վաղը վերադարձնել Ղարաբաղն ուժով։ «Բայց դրանք միայն սպառնալիքներ կլինեն»,- կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ սադրանքները, որոնք ոչ այնքան տարերային են, որքան մտածված, հնարավոր են, բայց Ադրբեջանը դժվար թե լայնածավալ ռազմական գործողությունների գնա։
«Մի մոռացեք, որ կողքին Իրանն է, որն արդեն արտահայտել է իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, և Իրանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- ասաց Զախարովը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան կողմը հասկանում է այդ ամենը։ «Հիմա ռազմական ուժերն այնտեղ, որքան ինձ հայտնի է, մշտական պատրաստվածության վիճակում են»,- նշեց ռուս փորձագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-