Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հավանականությունը նվազել է, սակայն չի զրոյացվել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հավանականությունը նվազել է անցյալ տարի դեկտեմբերի 1-2-ն Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, սակայն չի վերացել, հինգշաբթի ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Ես երբեք հավանական չեմ համարել հակամարտության ռազմական լուծումը և կարծում եմ, որ Աստանայից հետո այդ հնարավորությունն ավելի է նվազել»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բեքարյանը:
Ըստ նրա, Աստանան հետաքրքիր հարթակ էր, որտեղ կողմերը ԵԱՀԿ շրջանակներում թեստավորել են իրենց մոտեցումները, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ներկայացրած դիրքորոշումներն Ադրբեջանի համար զսպաշապիկի դեր են խաղացել:
Նա նաև նշեց, որ աշխարհում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնք չնայած Հայաստանին չեն անդրադառնում, բայց երանգային հետևանքներ են ունենում, այդ թվում Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները, ցույց տվեցին, որ երկրներից ոչ մեկը չի աջակցի հակամարտության ռազմական լուծմանը, բացառությամբ Թուրքիայի:
«Միաժամանակ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը Բաքվի համար ոչ միայն պատերազմի դաշտում մարդկային կորուստների ռիսկեր է կրում, այլ նաև միջազգային հանրության արձագանքները՝ մինչև անգամ՝ պատժամիջոցներ նրանց նկատմամբ»,- ասաց Բեքարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ միշտ, երբ Ադրբեջանն անբարենպաստ պայմաններում է գտնվել բանակցային գործընթացում, նա միջազգային կազմակերպությունների տարբեր զեկույցներում հրապարակումների միջոցով «գոլորշի է բաց թողել», որի օրինակն է Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը, որը միայն վկայում է պաշտոնական Բաքվի կողմից զենք թափ տալու փաստը: