Ղարաբաղի ինքնապաշտպանությունն ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին

02.12.2010, 11:37
Ղարաբաղի ինքնապաշտպանությունն ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին

Ղարաբաղի ինքնապաշտպանությունն ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում:

«Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչն ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», - ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից մեջբերեցին նախագահի խոսքերը:

Նախագահը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն`լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ`Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:

«Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողու¬թյան տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը»,- ընդգծել է նախագահն իր ելույթում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-