ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներքին զեկույց կպատրաստեն դաշտային գնահատման առաքելության արդյունքներով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներում հոկտեմբերի 7-13-ն անցկացված դաշտային գնահատման առաքելության արդյունքներով ներքին զեկույց կպատրաստեն, ասվում է հինգշաբթի ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված միջազգային միջնորդների հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների գնահատման դաշտային առաքելություն են անցկացրել: Ավելի վաղ առաքելության պայմանները քննարկվել են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում հաղորդվում է, որ առաքելությունն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա աշխատակիցների աջակցությամբ, ովքեր աշխատում են տեղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել է երեք տեխնիկական փորձագետ, այդ թվում երկուսը ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարից (UNHCR), ովքեր օգնել են դրված խնդիրների լուծման հարցում:
Միջազգային միջնորդները տեղեկացնում են, որ նախօրեին իրենց առաքելությունն իրականացնելիս հոկտեմբերի 6-ին հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի մարամասն տեղեկատվություն հաղորդեն առաջիկա առաքելության մասին և ներկայացնեն իրենց հետ մեկնող թիմին:
«Նման հանդիպում տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտում/Խանքենդի դե-ֆակտո իշխանությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Առաքելությունը տեղում բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու և բոլոր կողմերից տարածքներում ընդհանուր ընթացիկ իրավիճակին ծանոթանալու լավ հնարավորություն է տրամարդել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ներառյալ հումանիտար պահանջները: UNHCR-ից տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ է տվել առաքելության թիմին ավելի լավ հասկանալ փախստականների և միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում տարածաշրջանում տեղահանված անձանց իրավունքները, ինչպես նաև այն պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում»,- նշվում է հայտարարության մեջ:
Դրա հեղինակները տեղեկացնում են, որ ներկայումս համանախագահները փորձագետների հետ համատեղ կուտակում են առաքելության ընթացքում հավաքած ինֆորմացիան: Այդ աշխատանքն ավարտելուց հետո նրանք կպատրաստեն ԵԱՀԿ ներքին զեկույցը, որը կտարածվի բոլոր կողմերի միջև, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-