Միջնորդները հատել են Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գիծը. ԼՂՀ ԱԳՆ

10.09.2010, 11:47
Միջնորդները հատել են Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գիծը. ԼՂՀ ԱԳՆ
Միջնորդները հատել են Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գիծը. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերն այն մասին, որ ԼՂՀ կատարած վերջին այցի ընթացքում միջնորդները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը:

Սեպտեմբերի 8-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դիտարկում իրականացնելու ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հատել են շփման գիծն ու ուղևորվել դեպի Ստեփանակերտ:

Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով:

«Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ դիմակայության», - նշվում է փաստաթղթում:

«Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը», - նշվում է մեկնաբանության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-